пятница, 8 ноября 2013 г.

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Թունավոր ամպ Սեվեսոյում

1976 թվականի հունիսին Իտալիայի Սեվեսո փոքրիկ քաղաքը սարսափելի աղետի զոհ դարձավ։ Տեղական քիմիական գործարանում տեղի ունեցած դեպքի պատճառով մթնոլորտ արտանետվեց թունավոր գազի մահաբեր մի ամպ։ Սրա աղետալի հետեւանքները դեռ ազդեցություն կունենան բնակիչների սերունդների վրա։ Աղետից հետո Սեվեսոն դարձավ քաղաք-ուրվական։ Բնակիչների կողմից լքված քաղաքը կարծես ֆանտաստիկ ֆիլմի համար սարքած դեկորացիա լիներ։ Էկոլոգիական այս աղետի մասին հայտնող ցուցանակներ տեղադրվեցին քաղաքի մուտքերի մոտ, փակվեցին տները, ռեստորանները, խանութները, դպրոցները։ "Վարակված շրջան` չմտնել". հայտարարում էին քաղաքի ցուցանակները հինգ լեզվով։ Անգործության մատնվեցին հեռախոսալարերը, ոչ ոք չէր զանգում Սեվեսո, ոչ մեկի չէին զանգում Սեվեսոյից։ Երբեմնի կենդանի ու աշխույժ քաղաքը դարձավ մեռյալ գոտի։ Սեվեսոն անվանվեց իտալական Հիրոսիմա։

Դա պատահեց 1976 թվականի հունիսի 10-ին։ Շվեյցարիային պատկանող քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի հետեւանքով մթնոլորտ արտանետվեց դիօքսինի ամպ, որը մարդկությանը հայտնի ամենավտանգավոր ու սարսափելի թույներից մեկն է։ Ամպը կախվեց քաղաքի վրա, ապա սկսեց իջնել տներին ու այգիներին։ Հազարավոր մարդկանց մեջ սկսվեցին սրտխառնոցի նոպաներ, թուլացավ նրանց տեսողությունը, առաջացան տեսողական հիվանդություններ, որոնցով ախտահարվելիս իրերը մարդկանց աչքին երեւում էին լողացող ու ճոճվող։ Ինչպես Չեռնոբիլի աղետի ժամանակ, որը տեղի ունեցավ ավելի ուշ, մարդկային սխալը Սեվեսոյի ոչինչ չկասկածող բնակիչների համար դարձավ համամոլորակային մասշտաբի աղետ։

Դիօքսինը տրիքլորֆենոլի արտադրման ժամանակ ուղեկցող նյութ է, որը գործածվում է դեզոդորանտ եւ օճառ պատրաստելու համար։ Եթե դրանից չորս ունցիա (90 միլիգրամ) խառնենք ջրին, բավական է, որ լուծույթը սպանի ութ միլիոն մարդու։
Այդ օրը գործարանից դուրս եկած հրեշավոր ու մահաբեր ամպն ունակ էր խլելու մոտ 100 միլիոն մարդու կյանք։ Շատ տարիներ են անհրաժեշտ, որ գնահատվեն հասցված վնասները եւ որոշվի, թե այս աղետը դեռ ինչքան փորձանք է բերելու ապագա սերունդներին։


Մինչեւ աղետը Սեվեսոյում բնակվում էր 17 հազար մարդ։ Մշակութային այս քաղաքը, որն ընկած էր կանաչ բլուրների ստորոտում ու Պո գետի հովտում` կանաչ դաշտերով եւ անտառներով շրջապատված, գայթակղում էր բազմաթիվ զբոսաշրջիկների Միլանից։


Առաջին նախանշանները 


Քիմիական գործարանում, որտեղ աշխատում էին տեղի բնակիչներից շատերը, մեխանիկն ավարտում էր իր ճաշը։ Շաբաթ օր էր, եւ գործարանը չէր աշխատում։ Աշխատողներից 150-ը հանգստանում էին իրենց տներում, իսկ 10-ը վերանորոգողներ զբաղված էին սարքավորումների կանխարգելիչ զննությամբ։ Այստեղ էր նաեւ դեղագործական ամենակարող ու ամենամեծ ընկերություններից մեկը` Հոֆման Լա Ռոշը։ Այդ օրը քիմիական գործարանի ռեակտորը լռեցվել էր։ Բայց մեխանիկը` Վիրո Ռոմանին ու նրա ընկերները, որոնք հանգիստ նստած սուրճ էին խմում, հանկարծ լսեցին թրխկոց, որին հետեւեց սոսկալի ու ականջ ծակող մի սուլոց։ Աշխատողները վազելով դուրս` տեսան, թե ինչպես սարքի վերին հատվածում տեղակայված ապահովության փականներից բարձր ճնշման տակ դուրս է գալիս մահաբեր դիօքսինը։ Մի քանի րոպե շարունակ երկնքից ձյան նման իջնում էին քիմիկատի "փաթիլները"` օդը հագեցնելով քլորի թունավոր հոտով։ Ծառայողները բացեցին վթարային ծորակները եւ սառը ջուրը հոսեց ռեակտորի մեջ։ Այս ժամանակահատվածում ստեղծված ամպը "լողում էր" գյուղերի վրայով, ճանապարհորդում` կատարելով իր չարագուշակ առաքելությունը։ Փողոցային սրճարաններում նստած կամ իրենց տներում ճաշի պատրաստվող մարդկանց մեջ հանկարծ սկսվեցին սրտխառնոցի նոպաներ, աչքերն արցունքոտվեցին։ Հետագայում, երբ դիօքսինի ամպը գնաց, բոլորը սկսեցին բողոքել գլխացավից, ու սրտխառնոցից։ Թանձր ու թունավոր հոտը կախված էր օդում։


Ինչու՞ դա պատահեց 


Պայթյունից անմիջապես հետո գործարանի ադմինիստրացիան սկսեց զբաղվել վթարի պատճառների բացահայտմամբ։ Առաջինեզրակացությունն այս էր. վերջին օրերին քիմիական ռեակցիայի ջերմաստիճանն այնքան էր բարձրացել, որ ռեժիմով սահմանված սառեցման հրահանգները չեն դիմացել։ Անվտանգության խնդիրը լուծելու համար արդյունաբերական ընկերությունները, գործածելով ապահովության փականներ (ճիշտ նույնպիսիք, ինչպիսիք էին Սեվեսոյի գործարանի ապահովության փականները), փոխարինում են դրանք հսկայական տարողությամբ պահեստների, որոնք վթարների ժամանակ ներառում են իրենց մեջ թույնը` թույլ չտալով դուրս գալ մթնոլորտ։ Բայց Սեվեսոյում այդպիսի տարողություններ չկային, իսկ ապահովության փականները ոչ միայն խափանվել էին, այլ նույնիսկ տեղակայված լինելով արտածծող խողովակի վրա, որը տանում էր դեպի տանիք` նպաստել էին դիօքսինի մթնոլորտ արտանետվելուն։ Ահա այս ամենի հետեւանքով էլ տեղի ունեցավ գազի արտահոսքը։


Գաղտնի ինֆորմացիա 


Տեղի ունեցածի ողբերգական հետեւանքներն արտահայտվեցին դեպքից 3-4 օր հետո։ Սեվեսոյի բժշկական կենտրոնները լցվեցին հիվանդ մարդկանցով։ Նրանց մեջ կային շատ երեխաներ, որոնք տառապում էին ցաներից, թարախակալած վերքերից, մեջքի շրջանների ցավերից, թուլությունից ու բութ գլխացավերից։ Հիվանդները բժիշկներին պատմում էին, թե ինչպես են սկսել հանկարծակի սատկել այգիներում ու բակերում գտնվող կենդանիներն ու թռչունները, որոնք տներից դուրս գալով` անշնչացած ընկնում էին փողոցում։ Եգիպտացորենի ու պոմիդորի ցանքատարածությունները կարծես այրվել էին, բույսերը` չորացել ու ոլորվել։

Արոտավայրերում գտնվող անասունները տանջվում էին ականջներից ու աչքերից հոսող հեղուկից։ Սատկեցին հազարավոր հավեր, որոնց մարմինները քայքայվեցին կիզիչ արեւի տակ։ Գործարանի ղեկավարությունից ոչ մի տեղեկություն չստացած բժիշկները շփոթվել էին հանելուկների մեջ։ Հավատալ հանկարծակի վրա հասած աղետին` դժվար էր։ Ոչ ոք չէր լսել ուժեղ պայթյուն, չէր տեսել մոլեգնող կրակ։ Մի խոսքով, չկար մի այնպիսի բան, որ դառնար անհանգստության պատճառ, որի մասին անմիջապես կհայտնեին ռադիոյի ու հեռուստատեսության միջոցով։ Իսկ քանի որ լռում էր դավին անտեղյակ հասարակությունը, լռեց նաեւ ընկերության տնօրինությունը։ Միայն ուրբաթ օրը, երբ մի երկամյա երեխայի, բազմաթիվ բշտիկներով ու վերքերով, տեղավորեցին հիվանդանոցում, Սեվեսոյի եւ հարեւան Մեդ քաղաքի քաղաքապետները ստիպեցին գործարանի տերերին բացատրել կատարվածը։ Վերջիններս չկամությամբ տեղեկացրին, որ իրենց խնդրանքով շվեյցարացի գիտնականները հետազոտել են բնահողը` խորհուրդ տալով սննդի մեջ չօգտագործել տեղական մթերքներ, իսկ քաղաքի շրջակայքում տեղադրվել են նախազգուշացնող ցուցանակներ։ Հաջորդ օրը հիվանդանոց տեղափոխվեց եւս 18 երեխա, Սեվեսոյի բնակիչները խուճապի մատնվեցին։ Հետո երկնքից սկսեցին թափվել սատկած թռչունների երամներ։ Բանն այն է, որ կենդանիների վրա մահաբեր չափաքանակի թույնն ավելի շուտ էր ազդում եւ նրանք ավելի շուտ էին վարակվում, քան մարդիկ, որովհետեւ նրանք ուտում էին թունավորված խոտը, խմում էին անձրեւաջուրը եւ վերջապես նրանք ավելի մոտ էին թունավոր դիօքսինի տեղումներին։ Բժիշկները, հենվելով ընկերության տված տեղեկության վրա` իրենց հիվանդներին բուժում էին տրիքլորֆենոլի թունավորման դեմ, որը միլիոն անգամ քիչ թունավոր է, քան դիօքսինը։


Լրագրողական հետաքննություն 


Միլանցի լրագրող Բրունո Ամբրոզին, որը մասնագիտությամբ քիմիկոս էր, պարզեց, որ գործարանային վթարն ուղեկցվել է դիօքսինի արտանետմամբ։ Այս ձեւով նա վշտով բացահայտեց, թե ինչ էր եղել իրականում։ Միլանյան թերթն այս առիթով գրում է. "Դիօքսինը մարդուն հայտնի ուժեղ ներգործող, մանր մոլեկուլներից կազմված թույներից մեկն է, որի դեմ մկնդեղն ու ստրիխնինը (բնամորմ, ուժեղ թունավոր նյութ) ոչինչ են"։ Դիօքսինը ախտահարում է ստամոքսն ու երիկամները եւ հանդիսանում է "մուտագեն", այսինքն այն ընդունակ է փոփոխելու քրոմոսոմի քիմիական բաղադրությունը, որը տանում է ուռուցքային հիվանդությունների եւ երեխաների մեջ առաջացնում է արատներ, դեռ մոր արգանդում"։ Ամբրոզին մերկացրեց պաշտոնական վարկածը։ Ի դեպ շվեյցարացի գիտնականները եւս հաստատեցին այն բանը, որ նա արդեն գիտեր` տեղի էր ունեցել դիօքսինի արտահոսք, որը ներթափանցել էր բնահողի ու մթնոլորտի մեջ` բերելով աղետալի հետեւանքներ։


Արտակարգ իրավիճակ 


Որպես վթարային կենտրոն, ընտրվեց դպրոցի շենքը եւ այնտեղ աշխատելու համար կանչվեցին տեղական բոլոր բժիշկները, բուժքույրերն ու հիվանդապահները։ Ողբերգությունը սկսվելուց 8 օր անց Իտալիայի կառավարությունը հայտարարեց արտակարգ իրավիճակ։ Առողջապահության նախարարը քարտեզի վրա սկսեց փաստեր հավաքել, փորձելով պարզել, թե որտեղ է հիմա թունավոր ամպը, ինչքան դիօքսին է ներծծվել բնահող եւ հասել մթնոլորտ։ Հուլիսի 24-ին, շաբաթ օրը, սկսվեց լրիվ տարահանման գործընթացն "A գոտուց"։ Ըստ առողջապահության նախարարի կազմած քարտեզի` հիվանդություններից շատ ավելի տուժել էին այդ գոտու բնակիչները, հենց այդտեղ էլ գրանցվել էր անասունների ամենամեծ կորուստը (15 հազար)։


Վախը դեռ մնում է 


Մաշկաբան Ուոլկերը, որին արդեն բախտ էր վիճակվել բուժելու աշխատողներին դիօքսինի թունավորումներից, ասել էր, որ ողբերգության առաջին հետեւանքներն ի հայտ կգան 12 օրից։ Մարդկանց համակեցին անվստահությունն ու վախը։ Հիվանդների շրջանում կատարվեցին բազմաթիվ հետազոտություններ, որոնք օգնեցին որոշելու թունավորման աստիճանները` բարձր, միջին ու ցածր։ Իտալիայի կառավարությունը, վախենալով արատավոր երեխաների լույս աշխարհ գալուց, այդ շրջանում թույլ տվեց աբորտները։ Երկու տարվա մեջ վարակված բնահողի եւ բուսականության հազարավոր տոննաներ, 17 հազար կենդանու լեշ դուրս բերվեց տարածքից ու թաղվեց բետոնե գերեզմաններում։ Տարահանված 736 ընտանիքներից շատերը հետագայում վերադարձան իրենց տները, բայց 256 բնակիչների մինչեւ մահ արգելեցին հայտնվել "A գոտում", որտեղ դիօքսինի չափաքանակը ամենաբարձրն էր։ Դեպքից երեք տարի անց Իտալիայի խորհրդարանն ամփոփեց աղետի հետազոտությունների արդյունքները։ Հաշվետվությունում ասված էր, որ գործարանն անվտանգության տեսանկյունից պատրաստ չի եղել տրիքլորֆենոլի արտադրության, որ ընկերության ներկայացուցիչները գազի արտահոսքից հետո 27 ժամ դեպքի մասին ոչինչ չեն տեղեկացրել տեղական մարմիններին։ Դրա համար էլ ժամանակին չի կազմակերպվել բնակիչների տարահանումը։ Որպես բնակիչներին հասցրած վնասի փոխհատուցում ընկերությունը տուժածներին վճարեց 10 միլիոնից ավելի դոլար։

Զարմանալի է, բայց աղետից երկու տասնամյակ անց նրա հետեւանքներից չմահացավ ոչ մի մարդ։ Միայն մի քանի երեխա ծնվեց արատներով, որը սակայն պարզ չէ` կապվա՞ծ էր դիօքսինային թունավորման հետ, թե՞ ոչ։ Թունավորված 187 երեխաներից միայն երկուսին չհաջողվեց փրկել։

Комментариев нет:

Отправить комментарий