Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения

четверг, 21 апреля 2016 г.

Երկրաշարժներ. աշխարհի ամենաավերիչ երկրաշարժները

Երկրաշարժ

Երկրաշարժի օջախը (հիպոկենտրոն) կարող է գտնվել տարբեր խորություններում, իսկ վերնակենտրոնում (էպիկենտրոն) տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները:
Երկրաշարժագրիչը (սեյսմոգրաֆ) գրանցում է նույնիսկ աննշան տատանումները:
Մեխիկոյի 1985 թ-ի երկրաշարժի ավերածությունները
Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ) գյուղը 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո

Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:

Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):

Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:

Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:

Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:

Երկրաշարժեր լինում են նաև ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ՝ ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ-ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչև Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի ծովեզերք:

Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժային մարզերից է: Այդ տարածքում կործանիչ երկրաշարժի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ, որտեղ նշված է, որ այն տեղի է ունեցել դեռևս մ.թ.ա. 550 թ-ին: Խորենացին պատմում է, որ այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա (10 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ) մի խոռոչ: Այդ խոռոչն այժմ էլ լավ տեսանելի է մեծ հեռավորությունից, նաև` Երևանից:

Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում՝ ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը: 1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: Թվարկված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 8–9, երբեմն՝ ավելի բալլ:

1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում:

Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:

Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք (Սև ծովից մինչև Կասպից ծով) և հյուսիսից հարավ (Մախաչկալա և Նալչիկ քաղաքներից մինչև Թուրքիայի և Իրանի սահմանները) հսկայական մի տարածք:


Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:

Մթնոլորտ, մթնոլորտի դերը մարդու կյանքում

Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում [1], սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։
Մթնոլորտի նշանակությունը

Մթնոլորտը խիստ աղտոտող ածխի, մազութի ու նավթի փոխարեն ներկայումս օգտագործում են գազ, էլեկտրականություն ու էներգիայի այլ աղբյուրներ, ժողտնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է ատոմային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխարինվում են արհեստականներով, պատրաստվում են մեծ քանակությամբ սինթետիկ նյութեր ու ապրանքներ։ Շարունակվում են ծովի ջրի աղազերծման մեթոդների ուսումնասիրությունները։

Մարդկային արտադրական գործունեություն

Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթիվերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան 10 միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։ Կարևոր է նաև մթնոլորտի մաքրության պահպանման պրոբլեմը (տես Մթնոլորտի սանի տարական պահպանություն)

Մթնոլորտ
Երկրի մթնոլորտային գազերը կապույտ ալիքի երկարությունը ավելի լավ են ցրում ի տարբերություն մյուս մոլորակների, այդ իսկ պատճառով էլ եթե նայենք տիեզերքից, ապա մեր մոլորակի շուրջ կտեսնենք կապույտ լուսապսակ, իսկ եթե նայենք Երկրից ՝ կապույտ երկինք։


Մթնոլորտը ( հուն.՝ ατμός – «գոլորշի» և σφαῖρα- «ոլորտ»), երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։ Այժմ պարզենք թե ինչից գազերից է բաղկացած մթնոլորտը։ Առաջինն ազոտի ատոմն է ( նշանակվում է N տառով), որի միջուկում կա 7 պրոտոն և 7 նեյտրոն։ Երկրորդը թթվածին ատոմն է (նշանակվում է O տառով)։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջուր մոլեկուլներ: Երկրորդն ածխածին ատոմն է (նշանակում են C տառով)։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այժմ պատկերացնենք գազերի մի խառնուրդ, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մացած 1%-ում ջրային գոլորշիներ,ածխաթթու գազ, արգոն, նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն։ Այժմ ուսումնասիրենք մթնոլորտի նոլոր շերտերն առաբձին-առանձին։