четверг, 5 декабря 2013 г.

Արգելոցներ և Ազգային պարկ

Շիկահողի արգելոց

Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։
Բուսական աշխարհը
Բուսական աշխարհ ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում։ Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը)։ Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենին, արևելյան խնձորենին, կենին, հունական վայրի ընկուզենին, լորենին, հացենին, թխկին, թեղին, սալորենին։ Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին։ Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ։ Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան։
Կենդանական աշխարհը
Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Դիլիջանի ազգային պարկ

Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում, Տավուշի մարզ, Հայաստան։ Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը` Հալաբի արևելյան, Միափորի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 24000 հա տարածություն։
Կազմակերպվել է 1958 թվականին` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Հիմնական ծառատեսակներն են` հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ` կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարի կղաքիս, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ` կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։ Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։

Էրեբունու արգելոց


Ստեղծվել է 1981թ., գտնվում է մերձարաքսյան լեռնաշղթաների լանջերին, Կոտայքի և Արարատի մարզերի սահմաններում` Երևանի շրջակայքում: Զբաղեցնում է 89 հա տարածք: Այս արգելոցը վայրի հացազգիների գենոֆոնդի պահպանության հիմնական վայրն է: Ունի հարուստ և բազմատեսակ բուսականություն, որը կազմված է 293 տեսակներից:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանդիպում են 17 տեսակ սողուններ, որոնցից են` գյուրզան, մողեսանման օձը, սահնօձի տարբեր տեսակներ: Երկկենցաղներից հանդիպում են լճագորտը, կանաչ դոդոշը, թռչուններից` մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, մկնաճուռակը և այլն: Կաթնասուններից տարածված են աղվեսն ու աքիսը, հազվադեպ նաև կզաքիսը, գայլը և գորշուկը:


Комментариев нет:

Отправить комментарий