четверг, 21 апреля 2016 г.

Ոսումնական նախագիծ «Վահան Տերյան» Իմ Տերյանը

Տերյանը ժամանակակիցների հուշերում

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի վերջին ժամերը

Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»

Անհայտ Տերյանը ֆիլմը

«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ»— ֆիլմ

Կարդում ենք Տերյան

«Վահան Տերյան» նախագծի ամփոփում, արդյունքներ





Բանաստեղծություներ


1. ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափան

ցիկՄութի մանվածը դաշտերի վրա.

Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,

Անտրտունջ նինջը մահացող օրվա

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ

Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,

Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,

Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,

Թախիծս խաղաղ անուրջի նման.

Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,

Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն

1903

2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.

Մութը տնից տուն էր մտնում.

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,

Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ.

Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,

Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,

Հայտնվեցիր պայծառ-անձայն.

Անջատվեցինք համր ու հանդարտ,

Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ

1903

3. ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.

Իմ սրտում սառած այս աշունը թացե՞րբ կըգնա նա։

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,

Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,

Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

1903-1904

4. * * *

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ

Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող

Արդյոք կապրե՞ս

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ

Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.

Արդյոք կըզգա՞ս


1904

Երկրաշարժներ. աշխարհի ամենաավերիչ երկրաշարժները

Երկրաշարժ

Երկրաշարժի օջախը (հիպոկենտրոն) կարող է գտնվել տարբեր խորություններում, իսկ վերնակենտրոնում (էպիկենտրոն) տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները:
Երկրաշարժագրիչը (սեյսմոգրաֆ) գրանցում է նույնիսկ աննշան տատանումները:
Մեխիկոյի 1985 թ-ի երկրաշարժի ավերածությունները
Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ) գյուղը 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո

Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:

Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):

Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:

Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:

Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:

Երկրաշարժեր լինում են նաև ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ՝ ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ-ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչև Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի ծովեզերք:

Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժային մարզերից է: Այդ տարածքում կործանիչ երկրաշարժի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ, որտեղ նշված է, որ այն տեղի է ունեցել դեռևս մ.թ.ա. 550 թ-ին: Խորենացին պատմում է, որ այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա (10 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ) մի խոռոչ: Այդ խոռոչն այժմ էլ լավ տեսանելի է մեծ հեռավորությունից, նաև` Երևանից:

Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում՝ ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը: 1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: Թվարկված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 8–9, երբեմն՝ ավելի բալլ:

1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում:

Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:

Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք (Սև ծովից մինչև Կասպից ծով) և հյուսիսից հարավ (Մախաչկալա և Նալչիկ քաղաքներից մինչև Թուրքիայի և Իրանի սահմանները) հսկայական մի տարածք:


Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում: