NYC Partnership Consulting միջազգային վարկանիշային առաջատար կազմակերպությունն արդեն երկու տարի հրապարակում է աշխարհի ամենակեղտոտ 30 քաղաքների ցանկը` հիմք ընդունելով քաղաքների մասին մամուլում հրապարակված հոդվածները: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են աշխարհի 245 մեգապոլիսներ ու մայրաքաղաքներ: Կազմակերպության մի քանի տասնյակ փորձագետներ համեմատում են նրանց մաքրությունն ու հրապարակում բնապահպանական տեսանկյունից վատթարագույնների ցանկը:
Կազմակերպության փորձագետները հաշվի են առնում օդի աղտոտվածության մակարդակը, խմելու ջրի որակը, առողջապահական ծառայությունների ու բժշկական սարքավորումների մատչելիությունը, վարակիչ հիվանդությունների քանակը: Այս ամենը հաշվի առնելովՙ կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ Բաքվին տալիս է աշխարհի ամենակեղտոտ քաղաք բնորոշումը (առաջին անգամ Բաքուն համարվեց կեղտոտ քաղաք 2008-ին):
Այս տարի Բաքվի ցուցանիշը կեղտոտության առումով 4.2 տոկոսով բարձրացել է. եթե 2008-ին կազմում էր 23.4 տոկոս, ապա այս տարի կազմել է 27.6 տոկոս` գերազանցելով մնացած քաղաքներին:
Կազմակերպության փորձագետները որպես մաքրության էտալոն համարել են Նյու Յորքը, որը հավաքել է 100 տոկոսանոց դրական արդյունք:
Այս տարի 30 ամենակեղտոտ քաղաքների ցուցակում գերակշռում են աֆրիկյան, լատինամերիկյան ու ասիական քաղաքները, միակ եվրոպական քաղաքը, որը ընդգրկվել է ցուցակում, Մոսկվան է, եւս երկուսը ԱՊՀ-ից` Բիշքեկ եւ Ալմաթի: Ցուցակում են նաեւ Բուենոս Այրեսը, Կարակասը, Ջակարտան, Կահիրեն, Թեհրանն ու Բոգոտան:
Հերթական «անտիռեկորդը» զայրացրել է ադրբեջանցիներին: Dispute.az ինտերնետային տիրույթում երեկվա ամենից բուռն քննարկվող թեման «կեղտոտ քաղաքն» էր: Մի մասին բարկացրել է, որ Բաքուն ներկայացված է որպես ասիական քաղաք եւ ոչ եվրոպական, (հաշվի առնելով նախորդ փորձերը, երեւի այս անգամ էլ դյուրագրգիռ ադրբեջանցիները բողոքի նամակով կդիմեն կազմակերպության տնօրենությանը` խնդրելով իրենց անվանել եվրոպական քաղաք - Հ .Հ.),
մյուսներին զայրացրել է, որ Երեւանը 30 կեղտոտ քաղաքների ցանկում չկա: Կան նաեւ բաքվեցիներ, ովքեր խոստովանում են, որ Բաքուն իսկապես կեղտոտ քաղաք է, ու կառավարությունը պետք է այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկի: «...Բայց մինչ կառավարությունը քայլեր ձեռնարկի, նախ պետք է քաղաքի բնակիչները հասկանան, որ չպետք է կեղտոտել: Դուրս եկեք փողոց ու տեսեք, քաղաքի կենտրոնական փողոցները պլաստիկե շշերի ու պոլիէթիլենային տոպրակների կույտով են ծածկված», գրում է Արազը:
Մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ որոշել են դիմել քաղաքապետարանին, որ իրենց տրամադրեն ավելներ` մաքրելու քաղաքի կենտրոնական փողոցները:
Комментариев нет:
Отправить комментарий